Ռուսաստանի առաջնության նախավերջին տուրում անզուսպ պահվածքով են աչքի ընկել պետերբուրգցի ֆուտբոլասերները: Չկարողանալով տանել սեփական թիմի պարտության անպատվությունը՝ խաղի ավարտից մի քանի րոպե առաջ (այդ պահի դրությամբ Մոսկվայի դինամոյականները խաղը շահում էին 4:2 հաշվով) նրանք խուժել են մարզադաշտ, բռնություն կիրառել մրցակից թիմի ֆուտբոլիստների նկատմամբ: Մրցավարը հարկադրված ընդմիջել է խաղը: Այն այդպես էլ մնացել է անավարտ: Թիմին կգրանցվի 3:0 հաշվով տեխնիկական պարտությո՞ւն, թե՞ ուժի մեջ կմնա 4:2-ը՝ հայտնի կդառնա չորեքշաբթի, երբ ֆեդերացիայի վերստուգիչ կարգապահական կոմիտեն քննության կառնի միջադեպը: Ի դեպ, սպասվում են նաև այլ պատժամիջոցներ:
Ասենք, որ մրցաշարային առումով այս խաղը չափազանց կարևոր էր «Զենիթի» համար, որը մինչ այդ գլխավորում էր առաջնությունը: Այդ պարտությունից փայլուն օգտվեց ԲԿՄԱ-ն: 2:0 հաշվով հաղթելով «Տոմին»՝ բանակայինները տեղափոխվեցին առաջին հորիզոնական ու չեմպիոնության փայլուն հնարավորություն են պահպանում: Իհարկե, դրա համար անհրաժեշտ է, որ հաղթեն վերջին տուրի հանդիպումում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ